nasdaqomx
English | Հայերեն
Դեպոզիտարիայի մասին

"Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա” բաց բաժնետիրական ընկերությունը (ՀԿԴ) ՀՀ արժեթղթերի շուկայի ձևավորման առաջին իսկ փուլում ստեղծված ինստիտուտներից մեկն է: 1996 թվականին իր հիմնադրման պահից ՀԿԴ-ն բաժնետիրական ընկերություններին տրամադրում է ռեեստրի վարման, իսկ իրավաբական այլ անձանց և անհատներին` արժեթղթերով հաշիվների բացման և վարման ծառայություններ: Վերջին մի քանի տարիների ընթացքում ՀԿԴ հաճախորդների թիվը շարունակաբար աճել է. ներկայումս դեպոզիտարիան վարում է մոտ 1,500 բաժնետիրական ընկերություննների ռեեստրներն ու սպասարկում արժեթղթերի գրանցված սեփականատերերի ավելի քան 150,000 հաշիվներ: 

Քանի որ ՀՀ Օրենսդրությամբ բաժնետիրական ընկերություններին թույլ չի տրվում անձամբ վարել իրենց թողարկած բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրը (տես՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդված, կետ 1) և այն պետք է հանձնվի ընկերության հետ չփոխկապակցված մասնագիտացված կազմակերպությանը, որն իրավունք ունի վարելու անվանական արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստր, առաջարկում ենք դիմել Դեպոզիտարիա՝ հաշվի առնելով մեր կողմից մատուցվող ծառայությունների առավելությունները (տես ավելին):

 

Որպես կենտրոնացված ռեեստրավարման, պահառության և արժեթղթերով կատարված գործարքների քլիրինգի ու վերջնահաշվարկի գործառույթներ իրականացնող հաստատություն, ՀԿԴ-ն նշանակալի դեր ունի նրանց իրավունքների պաշտպանության և կորպորատիվ կառավարման լավագույն փորձի ներդրման գործում: Բացի այդ ՀԿԴ-ն իրականացնում է նաև արժեթղթերի կենտրոնացված ապանյութականացումն ու օրինական սեփականատերերի անվամբ դրանց գրանցումը: Լինելով արժեթղթերի կենտրոնացված պահառու, ՀԿԴ-ն հանդիսանում է Հայաստանում գործող պահառության երկմակարդակ համակարգի առաջին մակարդակը: Մյուս բոլոր լիցենզավորված պահառուները գործում են ՀԿԴ հետ կնքված պայմանագրի համաձայն` իբրև ենթապահառուներ:

 

Ռեեստրի և արժեթղթերով հաշիվներ վարելուց բացի, ՀԿԴ նաև իրականացնում է կորպորատիվ արժեթղթերով կնքվող բորսայական և արտաբորսայական գործարքների գծով քլիրինգն ու վերջնահաշվարկը: Հաշվի առնելով, որ Հայաստանում արժեթղթերով բորսայական առևտուրն իրականացվում է արժեթղթերի և դրամական միջոցների նախնական դեպոնացմամբ` T+0 վերջնահաշվարկի սկզբունքով,  ՀԿԴ-ն ստուգում և հաստատում է հաշիվներում առևտրի համար նախատեսված արժեթղթերի առկայությունը և արգելադրում դրանք` կանխելով առևտրային նստաշրջանից առաջ դրանց ոչ նպատակային օգտագործումը: ՀԿԴ-ի գործառույթներից է նաև ՀՀ-ում թողարկված արժեթղթերի տարբերակիչ ծածկագրերի շնորհումը: ՀԿԴ-ի, ինչպես նաև Հայաստանում արժեթղթերի պահառության գործունեությունը կարգավորող և վերահսկող մարմինը ՀՀ Կենտրոնական Բանկն է: 

 

05.06.2009թ.-ից "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ԲԲԸ-ն դարձավ ՀԿԴ բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:

 

ՀԿԴ-ն անդամակցում է Եվրասիական Կենտրոնական Դեպոզիտարիաների Ասոցիացիային(AESCD): ՀԿԴ-ն հանդիսանում է նաև Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի (ANNA) Գործընկեր:

 

Դիտել "Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա" ԲԲԸ-ի պետական գրանցման վկայականը և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիան:

 

Դիտել "Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա" ԲԲԸ-ի Կանոնադրությունը և Էթիկայի և վարվելակերպի կանոններ:

 

Դիտել "Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա" ԲԲԸ-ի վարչակազմակերպական կառուցվածքը:


ՀԿԴ Հասցե` ՀՀ, ք. Երևան 0010, Մհեր Մկրտչյան 5Բ, հեռ.՝ +374 10 589 151, 543 321

Այս էջը վերջին անգամ թարմացվել է [02.03.2011 18:33]:

Ծանուցում | Հաճախորդի իրավունքները | Ֆինանսական համակարգի հաշտարար

© 2011, The NASDAQ OMX Group, Inc. All Rights Reserved.