Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է արժեթղթերով հաշիվ բացել Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում: Անհատի կամ կազմակերպության կողմից բաժնետոմս կամ պարտատոմս գնելուն պես գործարքը գրանցվում է ՀԿԴ-ում, և գնորդը դառնում է արժեթղթերի գրանցված սեփականատեր`այդ կարգավիճակից բխող ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավունքներով հանդերձ: Արժեթղթերի գրանցված սեփականատերերին` ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց տրամադրվող ծառայություններն են.
1. Արժեթղթերով անձնական հաշիվների բացում, այդ թվում`գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կամ նրա լիազորված ներկայացուցչի հանձնարարագրով տվյալ գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) եւ/կամ նրա լիազորված ներկայացուցչի քարտում ներառված տեղեկությունների փոփոխություն:
2. Արժեթղթերի փոխանցում մեկ անձնական հաշվից մյուսին.
- ֆոնդային բորսայում կամ բորսայից դուրս իրականացված գնման և վաճառքի կամ ռեպո գործարքների հիման վրա,
- նվիրատվության գործարքների հիման վրա,
- պետական սեփականություն հանդիսացող արժեթղթերի մասնավորեցման արդյունքում,
- ժառանգության արդյունքում,
- գրանցված սեփականատիրոջ վերակազմակերպման դեպքում,
- Դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ վճռի հիման վրա:
3. Արժեթղթերի արգելադրում.
- գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կամ նրա լիազորված ներկայացուցչի հանձնարարագրով տվյալ գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) անձնական հաշվում արժեթղթերի արգելադրում, այդ թվում` ֆոնդային բորսայում հետագա առքի կամ վաճառքի համար,
- դատարանի, դատական ակտերի հարկադիր կատարողի կամ քննիչի համապատասխան որոշման հիման վրա,
- անվանատիրոջ մասնագիտացված գործունեության լիցենզիայի կասեցման, ուժը կորցրած ճանաչվելու կամ դադարելու դեպքում անվանատիրոջ,
- ՀՀ օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ հիմքերով:
4. Արժեթղթերի արգելադրման դադարեցում.
- արգելադրման ժամկետը լրանալու դեպքում,
- արգելադրման դադարեցման համար հիմք հանդիսացող փաստի կամ իրադարձության տեղի ունենալու (ներառյալ ֆոնդային բորսայում գործարքների կնքումը) դեպքում,
- անվանատիրոջ մասնագիտացված գործունեության լիցենզիայի կասեցման, ուժը կորցրած ճանաչվելու կամ դադարելու հիմքով,
- դատարանի, դատական ակտերի հարկադիր կատարողի կամ քննիչի համապատասխան որոշման հիման վրա,
- ՀՀ օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ հիմքերով արգելադրման դադարեցում:
5. Արժեթղթերի հավաստագրերով կատարվող գործառնություններ.
- օգտագործման համար ոչ պիտանի դարձած կամ կորած արժեթղթի (արժեթղթերի) հավաստագրի փոխարեն նոր հավաստագրի տրամադրում,
- փաստաթղթային արժեթղթի նոր սեփականատիրոջ պահանջով նրան արժեթղթի հավաստագրի տրամադրում,
- փաստաթղթային արժեթղթերի հավաստագրով հավաստված արժեթղթերի քանակի փոփոխության արդյունքում նոր հավաստագրի տրամադրում:
6. Ռեեստրից քաղվածքների և գործառնությունների մասին տեղեկանքների տրամադրում.
- ռեեստրից քաղվածքի կամ անձնական հաշվով կատարված գործառնությունների մասին տեղեկանքի տրամադրում (նաև գործառնության կատարման օրվա ընթացքում),
- դատարանի որոշման հիման վրա ռեեստրից քաղվածքի կամ անձնական հաշվով կատարված գործառնությունների մասին տեղեկանքի տրամադրում,
- թողարկողի եւ/կամ նրա կողմից թողարկված արժեթղթերի դասի (դասերի) վերաբերյալ առկա տեղեկությունների տրամադրում (այդ թվում` դատարանի պահանջով):
Ուշադրություն. Հաճախորդների կողմից Դեպոզիտարիայի հանդեպ ստանձնած պարտավորությունները ժամանակին չկատարելու հետևանքում առաջանում են պատասխանատվության միջոցներ, Դեպոզիտարիայի «Սակագների մասին» կանոնների և Դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագրերին համապատասխան:
Ծառայությունների սակագների մասին կարող եք տեղեկանալ ՀԿԴ Սակագների մասին կանոններից:
Գործառնական բաժնի հաճախորդների սպասարկման ժամերն են՝ 9:00-ից մինչ 16:00, երկուշաբթի – ուրբաթ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀԿԴ Գործառնական բաժին` +374 10 589 151 լրաց. 130, 131, 132, 133, 134 հեռախոսահամարներով: