nasdaqomx
English | Հայերեն
Դիտորդ խորհուրդ

“ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ Դիտորդ խորհուրդը նշանակվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից և բաղկացած է Նախագահից և չորս անդամից: Դիտորդ խորհուրդը սահմանում է ընկերության ընդհանուր ռազմավարությունն ու քաղաքականությունը և իրավասու է որոշումներ կայացնել դրանց առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառայությամբ այն հարցերի, որոնց քննարկման և հաստատման բացառիկ իրավունքն օրենսդրությամբ վերապահված է բաժնետերերի ընդհանուր ժողովին: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Դիտորդ խորհուրդը հաստատում է նաև Բորսայի կանոնները:

 

 


 

Նախագահ


Հենրիկ Էլֆվինգ, NASDAQ OMX Henrik Elfving

Հենրիկ Էլֆվինգը զբաղեցնում է NASDAQ OMX-ի Փոխնախագահի պաշտոնը, ղեկավարելով ընկերության Բալթյան երկրների և Հայաստանի շուկաների ստորաբաժանումը:  Ունենալով ավելի քան 20 տարվա փորձ տնտեսության իրական հատվածում (Nokia, Otaniemi Science Park, Fiskars), 1998թ.-ին պարոն Էլֆվինգը աշխատանքի անցավ Հելսինկիի Ֆոնդային Բորսայում` Փոխնախագահի, այնուհետև Գլխավոր փոխնախագահի պաշտոնում: Սկսած 2003թ.-ից, երբ Հելսինկիի Ֆոնդային Բորսան միացավ Շվեդիայի OM AB բորսային, նա հինգ տարի ղեկավարել է ընկերության միավորված Կորպորատիվ պլանավորման ստորաբաժանումը, միաժամանակ մասնակցելով միաձուլումների և ձեռքբերումների, ինչպես նաև ինտեգրման բնագավառում իրականացվող գործունեությանը: NASDAQ-ի և OMX-ի միավորումից հետո պարոն Էլֆվինգը նշանակվել է Բալթյան շուկաների, իսկ 2009թ.-ի մարտից` նաև հայաստանյան շուկայի ստորաբաժանման ղեկավար` NASDAQ OMX-ի Transaction Services Nordic կառուցվածքային միավորի շրջանակներում: 

 

Պարոն Էլֆվինգը ստացել է Միջազգային բիզնեսի բնագավառում մագիստրոսի (MBA) աստիճան Հելսինկիի տնտեսագիտության և գործարար ղեկավարման դպրոցից (մասամբ ուսանելով Նյու-Յորքի Քըլամբիա համալսարանում) և ճարտարագիտության բնագավառում մագիստրոսի աստիճան (MSc) Հելսինկիի տեխնոլոգիական համալսարանից:  


Անդամներ


Հենրի Բերգստրոմ, NASDAQ OMX

Henri Bergstrom

NASDAQ OMX-ի Նոր շուկաների գծով տնօրենի իր պաշտոնում, Հենրի Բերգստրոմը ղեկավարում է ընկերության` Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործունեության զարգացմանն ուղղված ծրագրերը: Վերջին ժամանակահատվածում նրա ղեկավարությամբ իրականացված ծրագրերից մեկն էր NASDAQ OMX-ի կողմից բալթյան երկրներում գործող բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների ձեռք բերումը, դրանց ինտեգրումը և միասնական ծառայությունների ձևավորումը:
Ավելի քան 10 տարի աշխատելով արտադրական ձեռնարկություններում (Nokia, TT-Innovation), 1991թ.-ին պարոն Բերգստրոմը նշանակվեց Ֆինլանդիայի Կենտրոնական Դեպոզիտարիայի Գործադիր տնօրենի տեղակալ (հետագայում ՖԿԴ-ն միացավ Հելսինկիի Ֆոնդային Բորսային): 2001թ.-ին նա նշանակվեց Հելսինկիի Ֆոնդային Բորսայի Թողարկողների տեղեկատվական ծառայությունների ստորաբաժանման ղեկավար, որը պատասխանատու էր` բաժնետերերի ռեեստրի և բաժնետոմսերի վերաբերյալ դեպոզիտարիայում պահվող տվյալների հիման վրա թողարկողներին տեղեկատվության և ծառայությունների տրամադրման համար: 2003թ.-ին, Հելսինկիի Ֆոնդային Բորսայի և Շվեդիայի OM AB-ի միավորումից հետո, պարոն Բերգստրոմը նշանակվեց Նոր Շուկաների գծով տնօրեն` պաշտոն, որը նա շարունակում է զբաղեցնել այժմ NASDAQ OMX-ում:


Պարոն Բերգստրոմը ունի Հելսինկիի բիզնես դպրոցի Գործարար ղեկավարման մագիստրոսի կոչում (MBA):   


Անդրուս Ալբեր, NASDAQ OMXJohan Fredholm

Անդրուս Ալբերը NASDAQ OMX-ում աշխատում է 2007թ.-ի փետրվարից, այդ ժամանակից ի վեր զբաղեցնելով NASDAQ OMX Tallinn ֆոնդային բորսայի Վարչության Նախագահի պաշտոնը: Բացի այդ, նա հանդիսանում է նաև Էստոնիայի Արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիայի Դիտորդ խորհրդի նախագահը:

Պրն Ալբերն ավարտել է Տալլիննի Տեխնոլոգիական համալսարանը, ինչպես նաև ուսանել ԱՄՆ-ի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, ստանալով մագիստրոսի աստիճան: Պրն Ալբերի աշխատանքային փորձի մեծ մասը կապված է կենտրոնական բանկի հետ, որտեղ նա զբաղեցրել է Նախագահի խորհրդականի պաշտոնը:

Նա աշխատել է նաև Եվրոպական Հանձնաժողովում և ԱՄՀ-ում, ինչպես նաև հանդիսացել է Էստոնիայի Նախագահի տնտեսական հարցերով խորհրդականը:


 

Գագիկ Արզումանյան, “Արմենիան քափըր փրոգրամ” ՓԲԸ Gagik Arzumanyan

Գագիկ Արզումանյանը “Արմենիան Քափըր Փրոգրամ” ՓԲԸ հանքարդյունահանմամբ և հանքավերամշակմամբ զբաղվող ընկերության Գործադիր տնօրենն է:  2002թ.-ին պարոն Արզումանյանը ընկերությունում աշխատանքի է անցել Ֆինանսական տնօրենի պաշտոնում, իսկ մեկ տարի անց նշանակվել է Գործադիր տնօրեն: Նա Փոխնախագահն է նաև “Վալլեքս Գրուպ” խմբի, որի մի մասն է կազմում “Արմենիան Քափըր Փրոգրամ” ՓԲԸ-ն:

Պարոն Արզումանյանը Հայաստանում խոշորագույն գործարար միավորում հանդիսացող Արտադրողների և գործարարների (գործատուների) միության Նախագահության անդամ է, ինչպես նաև ՀՀ Վարչապետի նախագահությամբ գործող Գործարարության աջակցման խորհրդի անդամ: Նախքան “Արմենիան Քափըր Փրոգրամ” ՓԲԸ-ում աշխատանքի անցնելը պարոն Արզումանյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Կառավարությունում: Մասնավորապես, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնում նա կոորդինացրել է հարկային և մաքսային քաղաքականության, մակրոտնտեսական վերլուծության և կանխատեսումների, միջազգային ֆինանսական համագործակցության ոլորտները:

Պարոն Արզումանյանն ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը: Ավարտելով Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:


Աստրիդ Քլիֆֆորդ,  Էյչ-Էս-Բի-Սի Բանկ  Հայաստան ՓԲԸ

2010թ. հունվարի 30-ից նշանակվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն (ՀՀ ԿԲ-ի կողմից գրանցվել է 2010թ. հուլնսի 30-ին)` աշխատելով Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամ ընկերություններում շուրջ 21 տարի: Մինչ այդ նա զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ Մեծ Բրիտանիայում, Ջերսիում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Օմանում, Հնդկաստանում, Վիետնամում, Թայվանում, Հոնկոնգում և ԱՄՆ-ում:
Տիկին Քլիֆֆորդը ավարտել է Սաութհեմփթոնի համալսարանի հոգեբանական ֆակուլտետը և ունի Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Տնտեսագիտության մագիստրոսի կոչում:

 

 

 

 


Նախկինում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Դիտորդ խորհրդի անդամ հանդիսացած անձինք 

 

 

 

 

 

 

Այս էջը վերջին անգամ թարմացվել է [02.11.2011 13:34]:

Ծանուցում | Հաճախորդի իրավունքները | Ֆինանսական համակարգի հաշտարար

© 2011, The NASDAQ OMX Group, Inc. All Rights Reserved.